Քրեական ոստիկանության կառավարմամբ տարածքային ստորաբաժանումներ կստեղծվեն։ Որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 4-ի նիստում։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս ասաց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը՝ նախագծերով սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք։
Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։
Ինչպես ներկայացրեց Ղազարյանը՝ քրեական ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով համալրելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակելու և իրականացնելու քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։
Դրանից հետո, ըստ նախագծի, նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք՝ քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը։ Այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային և շարունակական կրթության գաղափարը։
Մանրամասները՝ տեսանյութում։