Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու պաշտոնական հրավեր ենք ուղարկելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցաքննվելու ցանկության հետ։
«Գալու է մի պահ, երբ մեր երկրի համար մեկ պաշտոնյան քննիչ հանձնաժողովում պետք է որոշակի հարցերի պատասխանի»,-ասաց նա՝ շեշտելով, որ այլ հրավերներ ևս ուղարկել են։
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ԱԺ քննիչ հանձնաժողում հարցաքննվելու համաձայնություն է տվել։ Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին՝ նա նշեց, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջոցով նրան հրավեր է ուղարկել և այժմ սպասում է նրա պատասխանին։
Նա հայտնեց նաև, որ ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցաքննվելու հրավերը մերժել են ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցաքննվել է պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթների շրջանակում։ Խոսքը 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմին առնչվող վարույթների մասին է։ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել հարցաքննվել նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովում։
Մանրամասները՝ տեսանյութում։




































