Գիշերը ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Խորենացի փողոցում, ժողովորդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Գեղամ Սահրադյանին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով խուլիգանություն կատարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասման, թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․9 գրամ քաշով թղթի մեջ փաթաթված բյուրեղանման, «մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նվանվող զանգված։ Իսկ դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 5 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ, ինչպես նաև Hummer-ի վնասված անվադողը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Սահրադյանը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, նա այդ հիվանդանոցից դիմել է փախուստի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 10-ի երեկոյան մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։Պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։
Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։ Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։