Երևանը փետրվարյան տոներին ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների լավագույն տասնյակում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրությունը։
Նրանք պարզաբանել են, որ 2023 թվականին փետրվարի 23-ը հինգշաբթի է, «ուստի ռուսները չորս օր հանգստանում են»։
«Արտասահմանյան ուղղությունների թվում ամենամեծ պահանջարկն ունեն Ստամբուլի հյուրանոցները, ամրագրումների 9,8%-ը կատարվում է թուրքական քաղաքում։ Ամրագրումների ևս 5,3%-ը Դուբայում է։ Բազմաթիվ ճանապարհորդներ ծրագրել են ուղևորություն Թայլանդ. Փհուկետին բաժին է ընկել 4,7%, Բանգկոկին՝ 3,9%, Պատտայա՝ 2,7%։ Տասնյակում են հայտնվել Երևանը (3,0%), Փարիզը (2,8%), Հռոմը (2,3%), Անթալիան (1,6%) և Կուալա Լումպուրը (1,5%)»,- ամփոփել է ծառայությունը։
Ավելի վաղ OneTwoTrip-ի վերլուծաբանները Armenia Today-ին հայտնել էին, որ Երևանը դարձել է ռուսաստանցիների համար Ամանորի գիշերը հանգստանալու ամենահայտնի արտասահմանյան ուղղություններից մեկը։ «Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նախապատվությունը զիջելով միայն Թուրքիային. Հայաստանում է կատարվել արձակուրդային հանգստյան օրերի բոլոր ամրագրումների 15%-ը»,- հայտնել էին գործակալությունից։