Հայաստանում այսօր ակնհայտ է հակառուսական տրամադրությունների խրախուսումը։ Սա չի կարող չանհանգստացնել մեր անվտանգության հարցերով մտահոգ որևէ հայի։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ըստ նրա՝ հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը։
«Գիտակցու՞մ են սա, թե՞ իրենց համար միևնույն է։ Ռուսաստանի հանդեպ տարբեր շրջանակների դեմարշները, չկշռադատված ձևակերպումներն ու քայլերը կարող են նաև Հայաստանի տնտեսությունը հանգեցնել փլուզման։ Գիտակցու՞մ են սա, թե՞ միևնույն է։
Կա՞ գիտակցում, որ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ապրում են Ռուսաստանում արտագնա աշխատանքի շնորհիվ։ Կա՞ գիտակցում, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ կախված է ռուսական էներգակիրներից»,-նշել է նա։
Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանը պետք է ունենա լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, հարևանների հետ, բայց դա չի կարող լինել «ընդդեմ Ռուսաստանի» տրամաբանության մեջ։ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Մեզ պետք է փոխադարձ վստահություն, համատեղ լուրջ ծրագրեր, գործնական աշխատանքային մթնոլորտ, և ծագող հարցերը արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք։ Սա´ պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների առանցքում։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ է գնահատում պատմական ռիսկերը, և իր իմաստնությամբ ու խոհեմությամբ կկարողանա խուսափել վատագույն զարգացումներից»,-հայտարարել է նա։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» ՆԳՆ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն Հայաստանի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած անձի անհարգալից վերաբերմունքին՝ անկախ նրանից, թե որ երկիրն է ներկայացնում։