Երևանում և Գառնիում հոկտեմբերի 13-17-ը անցկացվում է Discover Armenia from the sky («Բացահայտեք Հայաստանը երկնքից») օդապարիկների փառատոնը:

Այսօր Հանրապետության հրապարակից երկինք են բարձրացել հայկական և արտասահմանյան բրենդները ներկայացնող 11 օդապարիկներ։ Սա փառատոնի շրջանակներում թվով 6-րդ թռիչքն էր։

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, փառատոնին մասնակցում են շուրջ 20 օդապարիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից և այլ երկրներից:

Փառատոնը, ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, անցկացվում է երկու փուլով՝ ցուցադրական և սպորտային: Ցուցադրական փուլը ներառում է Երևանի և Գառնիի օդային տարածքում օդապարիկների ազատ թռիչքներ: Մարզական մասի ընթացքում օդապարիկի յուրաքանչյուր անձնակազմն առաջադրանք պետք է կատարի, որի արդյունքում կընտրվեն հաղթողները:








































