Հունաստանը ողջունում է բոլոր երկրների ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը, և դա իհարկե վերաբերվում է նաև մեր լավ ընկեր հայերին: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդող հայտարարության ժամանակ ասաց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մասին խոսելիս Դենդիասը մեջբերեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որ «դատապարտում է այն, ինչ տեղի է ունեցել ընդդեմ խաղաղ բանակցությունների»:
Հույն արտգործնախարարն ասաց, որ հայ-հունական բարեկամությունն ունի պատմություն: Ահա թե ինչու իր այցը Հայաստան երկու տարի անց և կրկին պատերազմական գործողություններից հետո համարում է խորհրդանշական:
«Ես կցանկանայի հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, որոնք ցանկանում են վերասահմանել քարտեզները, ես կասեմ հետևյալը՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Եվ մենք՝ հույներս, վկա ենք նաև թուրքական հռետորիկային»,- ասաց Դենդիասը՝ նշելով, որ այդ երկիրը դեմ էր նաև այն ժամանակ, երբ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր էր ուղարկում իր կղզիներ՝ իր պարտավորությունների շրջանակում:
Դենդիասն ասաց, որ անհամբերությամբ է սպասում ՀՀ վարչապետի և ՊՆ ղեկավարի հետ հանդիպմանը: Նա վերահաստատեց ԼՂ հակամարտության մասին Հունաստանի դիրքորոշումը՝ խաղաղ ընդունելի լուծումների հասնելը միջազգային իրավունքի շրջանակում:
«Սակայն լուծումներն ու խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք: Դա վերաբերում է Կովկասին և ամբողջ աշխարհին, կարող եմ խոսել նաև արևելյան միջերկրածովային տարածքի մասին»,- ասաց Դենդիասը:
Նա ընդգծեց, որ մենք չենք կարող օրվա վերջում փոխել աշխարհագրությունը, սակայն մարդիկ պետք է կարողանան խաղաղ ապրել կողք կողքի, իսկ մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն անհապաղ:
Դե իսկ հայ-հունական հարաբերությունները Դենդիասն անվանեց գերազանց և օրինակելի: Դրա հիմքում երկու երկրների ժողովուրդների ցեղասպանությունները փոխադարձ ճանաչելու փաստն է:
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որի հետ ավելի վաղ առանձնազրույց է ունեցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:
Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: