«Սուրմալու» առևտրի կենտրոնի կիսափլուզված եռահարկ աջակողմյան պատը երեկ տեղի ունեցած ուժգին քամու պատճառով փլուզվել է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտբնեց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ պատի հարևանությամբ տեղակայված երկու տրանսպորտային միջոց հայտնվել է փլատակների տակ: Բարեբախտաբար մեքենաների ուղեսրահներում մարդիկ չեն եղել, սակայն երեք մարդ փլուզման հետևանքով ստացել է սալջարդ ու քերծվածքներ: Նրանց կյանքի վտանգ չի սպառնում:
Գրիգորյանի խոսքով՝ տարածքը սահմանազատված է, կատարվում են մաքրման աշխատանքներ:
Ինչպես Կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ ավանեսյանը՝ տուժածներից 2-ը դուրս են գրվել, իսկ երրորդը ստացիոնար բուժման մեջ է՝ ապաքինման ընթացքով:
Իսկ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն ղուլարյանն առաջարկեց, որ կառույցի համար շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի տարածքը:
«Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»,- ասաց նա:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և ֆիզիկապես տուժած քաղաքացիները ֆինանսական աջակցություն կստանան։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացիներ ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ: