Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգործակցությունը և շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել: Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Մ. Թրեյսին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը՝ խոսելով Հայաստանում իր դիվանագիտական առաքելության, նախկին ու ներկա փորձի, երկրից ստացած իր անձնական տպավորությունների, հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ օրակարգին առնչվող կարևորագույն հարցերի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին:
ԱՄՆ դեսպանը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վերջին 30 տարվա ընդհանուր դինամիկային, դրանց հեռանկարներին և կարևոր տեղեկություններ է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման մասին:
Դեսպան Թրեյսիի խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին և լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին:
«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: