ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:
Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում Հայաստանին ուղղված մարտահրավերներն ավելի են խորանում, ինչը լի է անորոշություններով և սպառնալիքներով։ Այս մասին ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա իր ելույթում ընդգծել է, որ նախ պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձևավորել դիմադրություն՝ դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրակարգերին։
Սաղաթելյանը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազանք և գնալ դրա հետևից։
«Այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են «պաթոսով հայրենասերներ»․ գիտե՞ք, թե ովքեր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք անսրբություն ապազգային տարեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ: Ովքեր ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով, ովքեր հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը: Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն»,- նշել է ԳՄ ներկայացուցիչը ու հավելել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի։
Նա նաև պնդել է, որ պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի դիտարկմամբ՝ իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել առկա մարտահրավերներն, այլև իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը: