Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
«Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։ Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։
Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։