Արցախի, արցախցու և առհասարակ Արցախ աշխարհի մասին պատմող նոր ֆիլմը՝ «Արցախ. հավերժի սահմանին», ներկայացվեց հանդիսատեսի դատին։
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը արցախցի Վահե Յանն է։ Ըստ ռեժիսորի՝ Արցախի և արցախցու մասին ֆիլմում ամեն ինչ ասվում է ոչ թե խոսքով, այլ ամեն ինչ պատմում են արցախցու աչքերը։
Ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են երեք ամիս, իսկ հանդիսատեսի դատին կներկայացի մեկ տարվա ընթացքում։
Ֆիլմի ռեժիսոր Վահե Յանի կարծիքով աչքերի խորության և հայացքի մեջ ավելի շատ բան կա, քան 1000 գրված խոսքերում։
«Ֆիլմի նկարահանման գաղափարն առաջացել է արցախցիների հայացքից։ Արցախցիներիս աչքերում ես այնքան խոսքեր եմ տեսել, որ հասկացել եմ՝ ֆիլմում որևէ ավելորդ խոսքի կարիք չկա, ոչինչ պատմելու կարիք չկա։ Ուղղակի ֆիլմը պետք է աշխատի զգայական դաշտի վրա, որը և արել եմ»,- ասել է Վահե Յանը։
Արցախի մասին ֆիլմում գրեթե բացակայում են պատերազմի մասին դրվագները։ Ռեժիսորի նպատակը եղել է հանդիսատեսին ներկայացնել Արցախի ողջ պատմությունը ։
«Իմ ֆիլմը սկսվում է արարչագործությունից, իսկ պատերազմն ինչ-որ ժամանակային դրվագ է։ Ես պատմել եմ ամբողջ Արցախի մասին, իր ստեղծման պահից, մինչ մեր օրը։ Իհարկե, պատերազմն իր ոչ ամբողջական, բայց նշանակությունն ու դերն ունի այս ֆիլմում»,- նշել է Վահե Յանը։






































