Իսրայելը միավորվել է Թուրքիայի, ահաբեկիչների ու սիրիական զինյալների հետ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակամարտության մեջ։ Վերջին հաշվով Իսրայելն ի՛նքն է տուժելու այդ անազնիվ համագործակցությունից։ Այս մասին «The Jerusalem Post»-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կապի դուրս գալով Երևանից «Zoom»-ի թարգմանչի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը քննադատել է Երուսաղեմին Ադրբեջանին զինելու համար, որն, ըստ իրեն, ցանկանում է իրականացնել ցեղասպանություն ԼՂ հայերի դեմ։ Ադրբեջանն ու Հայաստանը վիճելի տարածքի համար մղվող պատերազմի 6-րդ շաբաթում են։ Երկու կողմերից էլ զոհերի քանակը տատանվում է 1500-5000 սահմաններում։
Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել ռազմական գործողությունները, իսկ ԱԳՆ-ը փորձում է Իսրայելին հետ պահել հակամարտությունից, Փաշինյանն ասել է, որ Իսրայելն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հակամարտությանը, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործվում են ԼՂ-ի դեմ պայքարում։
Ադրբեջանին զենք վաճառելու համար Հայաստանն իր դեսպանին հետ կանչեց Իսրայելից։ Թել Ավիվում Հայաստանի դեսպանատունը նոր էր բացվել։
«Ես կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին․ զինյալները, իսլամական ահաբեկիչները Իսրայելի հետ հիմնականում մի կողմում են։ Արդյո՞ք դա հարմար դիրք է Իսրայելի համար։
Իսրայելը պետք է մտածի այն մասին, թե արդյոք ուզու՞մ է Թուրքիայի հետ լինել հակամարտության նույն կողմում, որը հազարավոր սիրիական գրոհայինների է ուղարկել Ադրբեջան՝ ԼՂ-ի դեմ պատերազմին մասնակցելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։