«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները երրորդ օրն է՝ հավաքվում են Քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ նրան կրկին տարել են հարցաքննության։
Երբ Ծառուկյանը ժամանեց ՔԿ, հավաքվածները նրան դիմավորեցին ծափերով ու «Ծա-ռու-կյան» վանկարկումներով։ Շենքի մոտ ոստիկանությունը ծառայություն էր իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Նույն օրը Քննչական կոմիտե է կանչվել նաև փաստաբան Երեմ Սարգսյանը, ում ավելի վաղ հեռացրել էին գործից և այժմ հարցաքննում են որպես վկա։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ թիմում ներգրավված փաստաբանները օրենքով չարգելված եղանակներով և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս պաշտպանելու են գործարարների խախտված իրավունքները։
Armenia Today-ի հարցին ի պատասխան նա ասել է, որ հակառակ դեպքում դա կօրինականացնի ապօրինի գործընթացը:
«Դա ինքնին նաև օրինակ կդառնա, մնացած բոլոր անձանց, ովքեր որևէ ձևով իրենց անհամաձայնությունը, իրենց հակամոտեցումներն են հայտնում իշխանությանը, կհայտնվեն նույն իրավիճակում, իմանալով, որ այս մի դեպքում ամեն ինչ խլեցին ու ոչ մեկը դրա համար պատասխան չտվեց»,- նշել է նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի խոսքով, Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ ապագայում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել նույն իրավիճակում։
Քաղաքական գործչի թիմակիցների խոսքով՝ Ծառուկյանի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և ընդդիմադիր այլ գործիչների սեփականության նկատմամբ իրավական գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում երկրի ներդրումային միջավայրի համար»։
Նրանց գնահատմամբ՝ սա ազդակ է ներդրողներին, որ Հայաստանում մասնավոր սեփականության պաշտպանության և ներդրումների անվտանգության երաշխիքներ չկան։
Քննչական կոմիտեի շենքի մոտ Armenia Today-ի հետ զրույցում Ծառուկյանի հետ կապված ընկերությունների պարապուրդի մատնված աշխատակիցների իրավիճակին անդրադարձել է նաև Ազգային ժողովի 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները հաշվի չեն առնում սեփական քայլերի հետևանքները աշխատակիցների և նրանց ընտանիքների համար։
«Իշխանության համար ընդհանրապես հետաքրքիր չէ, եթե մեկը աշխատում է եթե չի աշխատում, իր ընտանիքը գումար տանում է, թե չի տանում։ Այս իշխանության պալատում այդ մարդկային գործերը այստեղ ընդհանրապես հաշվառելու անհրաժեշտություն չկա, որովհետև այս ութ տարիները ցույց են տվել, որ իր համար կա մեկ նպատակ՝ դա իշխանությունը հնարավորինս երկար պահելն է և դրան հասնելու ճանապարհին բոլոր քայլերը ձեռնարկում է»,- նշել է նա։
Աբրահամյանի խոսքով, Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները կրում են համակարգված բնույթ։
«Նախընտրական շրջանում իրականացվել է ագրեսիվ, ընդհուպ մինչև խիստ անձնավորված քարոզչություն։ Ընտրություններից հետո ապօրինությունների ճանապարհով խլվել է քաղաքացիների տված քվեն, ինչի հետևանքով կուսակցությունը զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Իսկ ներկայումս քաղաքական հարձակումներին զուգահեռ Հայաստանում իրականացվում է սեփականության վերաբաժանման ընդլայնված գործընթաց»,- նշել է նա։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը կոչ է արել քաղհասարակությանը արձագանքել ՀՀ-ում քաղաքական ճնշումներին։
«Միջազգային հանրություն կոչվածը, իրավապաշտպան կազմակերպությունները, քաղհասարակությունը ասելու բան չունե՞ն։ Բերանները ջուր են արել, որ ի՞նչ։ Օրը ցերեկով ահաբեկում են մարդկանց։ Հսկայական քանակությամբ մարդիկ, որոնք իրենց հանապազօրյա հացն են վաստակում, հիմա գործազուրկ են, տնտեսությունը վնասա կրում, քաղաքական դաշտը չեզոքանումա։ էս պարագաներում խոսել էն մասին որ Հայաստանը դեմոկրատիայա՝ ծիծաղելիա»,- ասել է նա։
Դանիելյանի պնդմամբ՝ ՀՀ-ն վերածվել է մի մեծ կոնցլագերի, անմեղության կանխավարկած գոյություն չունի, և մի մարդ է կայացնում բոլոր որոշումները։
Ծառուկյանին աջակցություն է հայտնել նաև Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Ներսիկ Իսպիրյանը։
«Իր ամբողջ կյանքի ընթացքում կարող էր իրեն դրսևորել արտասահմանում, իր հնարավորությունները տեղափոխել այնտեղ և ապրել շատ բարեկեցիկ կյանքով, բայց նա չարեց այդ ամեն ինչը, իր ունեցվածքը, իր հնարավորությունները կապեց իր հայրենի հողի, ջրի հետ և գնահատականի փոխարեն նա ստացավ մի բան՝ անձնական խոսքի և վրեժի խնդրո առարկան»,- շեշտել է նա։
Ըստ Իսպիրյանի՝ նման գործելաոճով իշխանություններն ուրախացնում են Հայաստանի հակառակորդներին և նրանց հարձակումների առիթ տալիս։
Իսպիրյանը հիշեցրել է, որ Ծառուկյանն աշխատատեղեր է ստեղծել, աջակցել հայկական սպորտին և օգնել արվեստի ոլորտի ներկայացուցիչներին։ Տեղի ունեցողը նա անվանել է «անիմաստ հիմարություն»։
Բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը հորդորել է օլիմպիական չեմպիոններին դատապարտել Ծառուկյանի դեմ բռնաճշումները։
«Զարմանում եմ, գիտե՞ք ինչ, ուրանալը լավ բան չէ, ու Ես գիտեմ, որ մարզաշխարհի էսօրվա մեր ներկայացուցիչների 99.9 տոկոսը Գարիկ Ծառուկյանի հոգատարության շնորհիվ ա հասել էդ մեդալներին, ում պետք ա եղել բժշկի, աշխարհի ամենալավ բժշկին, թե ուղարկել ա, եթե մարզիկը վնասվածք ունի, ուղարկել ա ըտեղ»,- հիշեցրել է նա։



































