ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային պաշտոնյաների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման հնարավորությունը՝ Թեհրանին Վաշինգտոնի պահանջներին ենթարկեցնելու նպատակով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը հուլիսի 14-ին Սպիտակ տան իրավիճակային կենտրոնում այս հարցով խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել է Իրանում «ավելի լայնածավալ գործողության իրականացումը, քան այն հարվածներն են, որոնք ներկայումս ամերիկյան ուժերը հասցնում են Հորմուզի նեղուցի շրջանում»։
Պորտալը նշում է, որ Թրամփը, ըստ ամենայնի, պատրաստ է էսկալացիայի՝ իրանական վարչակարգի վրա բավարար ճնշում գործադրելու համար, որպեսզի բացեն Հորմուզի նեղուցը և զիջումների գնան միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջների հարցում։
Աղբյուրի տվյալներով՝ խորհրդակցությանը մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և այլ պաշտոնյաներ։ Քննարկվել է Իրանի ռազմավարական օբյեկտներին «ավերիչ հարվածներ» հասցնելու հնարավորությունը՝ ի հավելումն Հորմուզի նեղուցում իրանական թիրախների ռմբակոծմանը։
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ոչնչացնել իրանական բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը չհամաձայնի բանակցել։ Նա ընդգծել էր, որ նման հարվածները կարող են հասցվել արդեն հաջորդ շաբաթ։ Թրամփը նաև նշել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է թիրախավորել Իրանի ջրազրկման (աղազերծման) կայանները։




































