Կալիֆոռնիայում ստեղծվել է նահանգի 35-րդ և առաջին հայազգի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի անվան կրթաթոշակային հիմնադրամ, հայտնում է Հայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնը (AAIC)։
Նախաձեռնության մասին հայտարարվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարի Զորայան թանգարանում՝ Դոքմեջյանի կյանքին և քաղաքական ժառանգությանը նվիրված երեկոյի ժամանակ։
Հիմնադրամը նախատեսված է Կալիֆոռնիայի այն ուսանողների համար, որոնք կրթական և մասնագիտական գործունեությունը կապում են իրավունքի, հանրային քաղաքականության, համայնքային առաջնորդության և քաղաքացիական մասնակցության ոլորտների հետ։ Նախատեսվում է տրամադրել կրթաթոշակներ, մասնագիտական ուղղորդում և առաջնորդական հմտությունների զարգացման հնարավորություններ։
Միջոցառմանը ներկայացվել են Դոքմեջյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, տեսագրություններ, արխիվային փաստաթղթեր և հուշառարկաներ։ Երեկոյին ներկա էին նրա այրին՝ Գլորիա Դոքմեջյանը, դուստրերը՝ Լեսլին և Անդրեան, ինչպես նաև պետական, քաղաքական և համայնքային գործիչներ։
Դոքմեջյանը ծնվել է 1928 թվականին Նյու Յորք նահանգում՝ Այնթապից և Էրզրումից գաղթած հայերի ընտանիքում։ Նրա ծնողներն ԱՄՆ էին տեղափոխվել 1907 և 1909 թվականներին։ Դոքմեջյանի հոր քույրերից մեկն անհետ կորել էր կոտորածների ժամանակ։
Դոքմեջյանը Կալիֆոռնիայի նահանգապետ էր ընտրվել 1982 թվականին և վերընտրվել՝ 1986-ին։ Նա մահացել էր 2018 թվականին՝ 89 տարեկանում։



































