Իրանի Պարսից ծոցի նեղուցի վարչությունը (PGSA) և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ դադարեցվել է՝ ջրային տարածքում իրավիճակի էսկալացիայի պատճառով, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Հայտնում ենք, որ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ Հորմուզի նեղուցով անցումն այս պահին անհնար է։ Իրավիճակի կայունացումից հետո, բոլոր հայտերը կդիտարկվեն ըստ ներկայացման հերթականության, և անհրաժեշտ թույլտվությունները կտրվեն»,- ասված է PGSA-ի X-ի հայտարարության մեջ։
ԻՀՊԿ ՌԾՈւ-ն իր հերթից հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է երեկ երեկոյից, և դրանով անցումն անհնար է, քանի դեռ Իրանի իշխանությունները որոշում չեն կայացրել այն բացելու մասին։ «Ցանկացած նավ, որը կփորձի անցնել ջրային տարածքով, իրեն վտանգի կենթարկի», - հավելել են Կորպուսից։
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը խնդրել է Վաշինգտոնին շարունակել բանակցությունները։ Ավելի ուշ Իրանը հերքել էր ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին հայտարարությունները։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Օդային հարվածների հետևանքով զոհվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այնուհետև շվեյցարական Բյուրգենշտոկում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ հուշագրի իրագործման շուրջ։ Կողմերը հայտարարել էին, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ։






















