Հուլիսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Քրիստոսի Պայծառակերպության տոնը, ինչի առթիվ մայրաքաղաքում տեղի կունենա «Վարդավառ 2026» տոնական միջոցառումը։
Սա Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչվում է նաև «Այլակերպության տոն»։ Տոնի արմատները հեթանոսական են, և հայկական ավանդական տոների շարքում այն ամենասիրելիներից է։ Այն հաճախ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են՝ «ջրոցի խաղալ»։ Տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդում` մեռելոց, երբ բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է պատարագ և կատարվում հոգեհանգստի արարողություն։
Տոնական միջոցառումներ, որպես կանոն, անցկացվում են Երևանի շատրվանների մոտակայքում, օրինակ` Հանրապետության հրապարակում, Դիանա Աբգարի անվան այգում, 2800-ամյակի այգում և այլն:
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Հանրապետության հրապարակը տոնական մեծ հարթակ կդառնա։ Նրանք երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին խոստանում են ջրային բազմաբովանդակ ու հետաքրքիր ծրագիր։
«Ամբողջ օրվա ընթացքում նախատեսված են ջրային միջոցառումներ, մանկական ժամանցային գոտի, վազքի մարաթոն, սննդի գոտի, տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ի մասնակցությամբ»,- տեղեկացրել են քաղաքապետարանից։
Տոնական անմոռանալի մթնոլորտ ստեղծելու համար տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ ամբողջ օրը փակ կլինի։ Ըստ հրապարակման՝ 07։00-00։00-ն Հանրապետության հրապարակ տանող փողոցները, իսկ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 00։00-ն՝ Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցում (Շահումյանի արձանի և նույնանուն հրապարակի միջնամաս) կդադարեցվի երթևեկությունը:






































