ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Հրապարակված հայտարարության մեջ ֆեդերացիան զորակցություն է հայտնել Ծառուկյանին և նրա ընտանիքին, շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորել խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Իրավապահները հրապարակել էին Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որում Ծառուկյանին տապալել էին գետնին։
Հուլիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն աջակցություն էին հայտնել Ծառուկյանին։ Ջուլֆալակյանը քննադատել էր նրա նկատմամբ իրականացված գործողությունները՝ դրանք անվանելով «այլանդակություն»։ Ավդալյանն ընդգծել էր, որ «ցանկացած պարագայում պետք է պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը» և, որպես մարդ ու մարզիկ, չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։





































