ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը «Լենա Հակոբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով, որով ճանաչվել է քաղաքացիների՝ իրենց գործերը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքի խախտումը և նման դեպքերում Հյաստանում արդյունավետ դատական միջոցների բացակայությյունը։
Մայիսի 21-ի որոշման մեջ ՄԻԵԴ-ը նշել է, որ քաղաքացիական և վարչական մի շարք գործերի քննարկումը, որը տևել է յոթից մինչև ավելի քան 13 տարի, խախտել է դիմողների իրավունքները։ Դատարանը նաև եզրակացրել է, որ Հայաստանը չունի նման բողոքների համար արդյունավետ պետական միջոցներ, կոչ է արել իշխանություններին առաջնահերթության կարգով ստեղծել փոխհատուցման մեխանիզմ և պարտավորեցրել է պետությանը դիմողներին վճարել բարոյական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում։
Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ դեռևս պատրաստ չէ մեկնաբանել ՄԻԵԴ որոշման կոնկրետ իրավական եզրակացությունները, քանի որ սպասում է համապատասխան փորձագետների կարծիքներին։
Նա նաև նշել է, որ իշխանությունները՝ իրենք բազմիցս նշել են դատական վարույթների ձգձգումների խնդիրը։
«Արդարադատության նախարարը ինձ զեկուցեց, որ հիմա արդեն ուժի մեջ են մտել այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց դատավարությունների համար ժամկետներ են սահմանում։ Այսինքն, մի քիչ շատ այդպես կոշտ և արմատական քայլ է, բայց ես կարծում եմ ճիշտ քայլ է, որ ժամկետ պիտի լինի, որ մարդը կանխատեսելի լինի, քրեական դատավարությունն էլ քաղաքացիականում, եթե չեմ սխալվում, ավելի շուտ էր լուծված այդ հարցը, հիմա նաև քրեականով կոնկրետ ժամկետներ են դնում, հույս ունենք դա կաշխատի»,- հայտարարել է Փաշինյանը։




































