Ռուսաստանը կշարունակի պահանջել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումները Ժնևից այլ հարթակ տեղափոխել, ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը դա պայմանավորել է Շվեյցարիայի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պատճառով չեզոք կարգավիճակը կորցնելու հանգամանքով։
Նա նշել է, որ Մոսկվան այդ հարցը բազմիցս բարձրացրել է և շարունակելու է «ակտիվ ու կոշտ» կերպով առաջ տանել այն։ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը Շվեյցարիայի չեզոք կարգավիճակը կորցրած է համարում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պատճառով։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Մոսկվայի և Ժնևի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը բարդացնում է պատվիրակությունների մասնակցությունը բանակցություններին։ Նրա խոսքով՝ նոր հարթակի որոնումը պետք է հաշվի առնի ոչ միայն Ռուսաստանի, այլև գործընթացի բոլոր մասնակիցների հարմարությունը։
Քննարկումներին մասնակցող հինգ պատվիրակությունից երեքը՝ Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան, կողմ են հարթակի տեղափոխմանը։
«Մեր դաշնակիցները մեզ աջակցում են, և մենք ելնում ենք նրանից, որ երեք երկրի համանախագահները դրան ամենայն լրջությամբ կվերաբերվեն»,- ասել է նա։
Հարավային Կովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումները Ժնևում անցկացվում են 2008 թվականից՝ Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ։ Քննարկումները տեղի են ունենում ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ՝ անվտանգության և հումանիտար հարցերի աշխատանքային խմբերում։






































