Եվրոպական միությունն ու Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման նպատակով, այդ թվում՝ զարգացնել տրանսպորտային կապերը, առևտուրը և տնտեսական համագործակցությունը։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ասվում է Անկարայում կայացած բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարությունում։
Հայտարարությունն ընդունվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի և ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հանդիպման արդյունքներով։
Կողմերը վերահաստատել են նաև իրենց աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի հիման վրա արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Եվրամիությունը, իր հերթին, ընդգծել է ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու անհրաժեշտությունը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵՄ-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները՝ հիշեցնելով, որ Անկարան շարունակում է մնալ Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր։ Միաժամանակ, եվրոպական կողմը նշել է, որ Թուրքիան պետք է ամրապնդի օրենքի գերակայությունը, ապահովի հիմնարար իրավունքների պաշտպանությունը և պահպանի ժողովրդավարական բարձր չափանիշները։
Հայտարարության համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման ուղղությամբ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Կովկասի շուրջ զարգացումները։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդակցություններն ու համակարգումը։
Անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ն և Թուրքիան հաստատել են ՆԱՏՕ-ին լրացնող համագործակցության ընդլայնման մտադրությունը։
Բացի այդ, կողմերը աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերին Կիպրոսի կարգավորման գործընթացում և պայմանավորվել մինչև տարեվերջ անցկացնել բարձր մակարդակի նոր երկխոսություններ՝ տնտեսության, առևտրի, միգրացիայի, անվտանգության, առողջապահության, գիտության, նորարարության և գյուղատնտեսության հարցերով։
Հանդիպմանը քննարկվել են նաև Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաև միգրացիայի, սահմանների կառավարման և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության խորացման հարցերը։
Հունիսին ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո էր հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար։





































