«Անկախ դիտորդ» դաշինքն ապօրինի է համարել 10/51, 35/65 և 12/13 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը, ասված է դաշինքի նախնական գնահատականում։
Դաշինքը հայտարարել է, որ ԿԸՀ-ն, ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելով և վերաքվեարկություն չնշանակելով, փաստացի անտեսել է նշված տեղամասերի ընտրողների քվեն։
Դաշինքը հայտնել է, որ պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։
«Անկախ դիտորդը» նաև հայտնել է, որ ԱԺ ընտրություններին դիտարկում է իրականացրել շուրջ 700 կարճաժամկետ դիտորդի միջոցով, որոնք քվեարկության օրը առնվազն մեկ անգամ այցելել են գործող 2005 տեղամասերից 1906-ը՝ 95%-ը։ Դիտարկման վիճակագրական նշանակություն ունեցող արդյունքների վերլուծությունը դաշինքը կներկայացնի առաջիկայում։
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 1998 թվականին հիմնադրված իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչից հետո վերահաշվարկով 4%-ի շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնվել էր խորհրդարանից դուրս, ինչն առաջացրել էր ընդդիմադիր դաշտի կոշտ արձագանքը։
Ըստ ԿԸՀ-ի՝ 9-րդ գումարման ԱԺ-ում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 28 մանդատ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ։




































