ՌԴ և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցեր, գրում է «Իզվեստիան»։
Հունիսի 17-ին Իրանի ԱԳ նախարարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Արաղչին ներկայացրել է փոխըմբռնման հուշագրի մանրամասները՝ ընդգծելով ԱՄՆ-ի պատասխանատվությունը դրույթների պատշաճ իրականացման համար և նշել է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ գործողությունների լիակատար դադարեցման անհրաժեշտությունը։
Նախարարները նաև ընդգծել են համաձայնագրի նկատմամբ միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի աջակցության կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են տարածաշրջանի երկրների միջև դիվանագիտական համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Լավրովը ողջունել է փոխըմբռնման հուշագրի տեքստի վերջնականացումը և հայտարարել, որ Ռուսաստանը լիովին աջակցում է դրա իրականացմանը։
Բացի այդ, նախարարները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը համատեղ օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտությանը վերջ դնելու համաձայնագիրն արդեն վերջնականապես համաձայնեցվել է և շուտով պետք է ստորագրվի: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ համաձայնագրի նախագիծը կվերաբացի Հորմուզի նեղուցը, կդադարեցնի իրանական նավահանգիստների ԱՄՆ-ի կողմից շրջափակումը և կերկարաձգի հրադադարը, իսկ Իրանի միջուկային ծրագիրը կքննարկվի ավելի ուշ՝ լրացուցիչ 60-օրյա բանակցությունների ընթացքում:






































