Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է Լոռու մարզի Փամբակ գետի տարածքում անհետացած 7 և 13 տարեկան քույրերի որոնողական աշխատանքների շարունակության մասին: Նրանց անհետացման մասին տեղեկությունը տարածվել էր հունիսի 14-ին, որոնողական աշխատանքներն սկսվել էին նույն օրը։
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից որոնողական աշխատանքներին ներգրաված են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Վանաձորի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ գետի տարածքում անհետացած մանկահասակ երեխաները կարող էին գետն ընկնել Նարեկացի փողոցի մոտ գտնվող հին խողովակով անցնելիս։
Քաղաքացիներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ խողովակը գետի վրա մնացել է դեռ 1980-ականների վերջից՝ երկրաշարժից հետո կիսատ մնացած կամրջի շինարարությունից հետո։ Այն տարիներ շարունակ օգտագործվել է որպես անցում։
Նրա խոսքով՝ այդ հատվածում նախկինում ևս մարդիկ են ընկել գետը, այդ թվում՝ երեխաներ, գրանցվել են նաև մահվան դեպքեր։
Մեկ այլ բնակիչ հայտնել է, որ դեպքից հետո թաղամասի բնակիչները միացել են որոնողական աշխատանքներին և փրկարարների հետ ամբողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել գետի երկայնքով, սակայն ապարդյուն։
Նա նշել է, որ սկզբում տեղեկություն ունեին միայն մեկ երեխայի մասին, ավելի ուշ են պարզել, որ երկրորդ երեխան ևս չկա։




































