Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները, հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ընտրատեղամասը գտնվում է Աբովյանի մշակույթի տանը՝ Նաիրի Զարյան 12/2 փողոցում։
Ըստ հրապարակված տվյալների՝ տվյալ տեղամասում քվեարկության օրը բացակայել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության թիվ 8 քվեաթերթիկը։
Տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը 809 է, ինչն, ըստ որոշման, արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ ԿԸՀ-ից հավելել են, որ ընտրատեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն, հավելել են ԿԸՀ-ից:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հայտնել է, որ նշված տեղամասի վերաբերյալ դիմում էր ներկայացրել միայն ինքը։ Մելոյանի տվյալներով՝ այդ տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 602, «Ուժեղ Հայաստանը»՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 67, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ 9 ձայն։
Մելոյանը նշել է, որ թե այս, թե երեկ 2 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր են ճանաչվել ԿԸՀ-ի սեփական նախաձեռնությամբ։ Նրա գնահատմամբ՝ եթե երեք տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով «Բարգավաճ Հայաստանը» նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, պետք է որոշում կայացվի վերաքվեարկություն անցկացնելու վերաբերյալ։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։
Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ դաշինքը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները և վերանայել ՔՊ-ի ձայները։ Դաշինքը նաև վերաքվեարկություն է պահանջել այն 2 տեղամասում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝

































