Դատախազությունը հայտնել է պատգամավորի թեկնածու Վ․ Ե-ի (Վահե Եղիազարյան, «Ուժեղ Հայաստան» դաշինք-խմբ) ձերբակալության մասին, պատճառը հստակեցված չէ։
Ընտրական գործընթացին խոչընդոտող ենթադրյալ հանցանքների վերբաբերյալ դատախազությունը փետրվարի 7-ից մինչև ընտրությունների օրը՝ հունիսի 7-ի ժամը 24:00-ն 599 հաղորդում է ստացել։ Այդ ժամանակահատվածում 13 պատգամավորի թեկնածուի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություններ։ Դրանցից 12-ը բավարարվել է, իսկ մեկ թեկնածուի վերաբերյալ միջնորդությունը դեռ կքննարկվի։
Դատախազությունն ընտրական գործընթացին խոչընդոտող ենթադրյալ հանցանքների վերաբերյալ նախաձեռնել է 210 քրեական վարույթ, 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հունիսի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ 112 ծառայության և թեժ գծի միջոցով ստացվել է 619 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության 52, քվեարկության գաղտնիության խախտման 27, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 9, ընտրակաշառք տալու 4, ընտրական գործընթացներին խոչընդոտելու 2, ինչպես նաև ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեկական դեպք։ Ձերբակալվածների թիվը հունիսի 7-ի ժամը 20:00-ի տվյալների համեմատ չի փոխվել և շարունակում է կազմել 18։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, իր հերթին, հայտնել է, որ ընտրությունների ընթացքում ստացել է 112 հեռախոսազանգ և ուսումնասիրել 510 հրապարակում լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից:




































