«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որն Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկն է, գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրությունների պատճառով, որոնք վերաբերում են հուշարձանը քանդելու ծրագրերին, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։
Հիմնադրամը նշել է, որ տագնապը սրվել է վերջին օրերին Ստեփանակերտում երկու հայկական հոգևոր և մշակութային կառույցների՝ Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ավերման լուրերի ֆոնին։
Հիմնադրամը շեշտել է, որ սա համապատասխանում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման արդեն իսկ փաստաթղթավորված քաղաքականությանը։
Այս կապակցությամբ «Գեղարդ» հիմնադրամը դիմել է միջազգային մշակութային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական կազմակերպություններին և կրոնական կենտրոններին՝ կոչ անելով կանխել Ադրբեջանի վանդալիզմի քաղաքականությունը։
Կազմակերպությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել պարզաբանել և փաստաթղթավորել Արցախում հայկական մշակութային ժառանգության իրական վիճակը, մասնավորապես՝ այն վայրերը, որոնք, ըստ առկա տվյալների, արդեն վանդալիզմի են ենթարկվել կամ գտնվում են ոչնչացման վտանգի տակ։
Հիմնադրամը նաև հայտնել է, որ հատուկ ակնկալիքներ ունի Վատիկանից և Ռուս ուղղափառ եկեղեցուց՝ ընդգծելով նրանց կարողությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ստուգելու համար։
«Գեղարդը» կոչ է արել միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայկական պատմական հետքերի ջնջումը և վանդալիզմի հետագա դրսևորումները։
Հիմնադրամը նաև դիմել է քաղաքացիներին և աջակիցներին կազմակերպության հետ կիսվել Արցախում հայկական հուշարձանների հնարավոր ոչնչացման դեպքերի վերաբերյալ ցանկացած հաստատված փաստով և նյութով։
Ադրբեջանը ոչնչացրել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, հիմնահատակ քանդել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։
ԱՄՆ միջազգային հանձնաժողովի զեկույցում արձանագրվել էր Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) նախաձեռնությունը հայտնել էր, որ Ստեփանակերտում անհայտ անձինք կոտրել էին Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի առնվազն երկու պատուհան։ Հայտնի էր դարձել, որ ոչնչացվել էր նաև Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։




































