Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կողմ է քվեարկել նախագծին, որով նոր բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխման ցանցին միացման վճարներն էականորեն նվազել են: ՀԾԿՀ նիստի ընթացքին կարող եք հետևել Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ըստ նոր կարգավորումների՝ Երևանում առանձնատների և առևտրային սպառողների համար 10 կՎԱ հզորության միացման վճարը կազմել է 166 000 դրամ՝ նախկին 277 000-ի փոխարեն: 14 կՎԱ հզորության դեպքում վճարը դարձել է 199 000 դրամ (նախկինում՝ 300 000 դրամ):
Մարզերում նույն խմբի սպառողների համար 10 կՎԱ հզորության միացման վճարը սահմանվել է 124 000 դրամ՝ գործող 229 000-ի փոխարեն, իսկ 10 կՎԱ մեկ այլ սակագնային խմբի համար՝ 140 000 դրամ՝ նախկին 234 000-ի փոխարեն:
Բազմաբնակարան շենքերում միաֆազ միացման դեպքում (10 կՎԱ հզորություն) Երևանում վճարը նվազել է մինչև 406 000 դրամ՝ 672 000-ի փոխարեն, իսկ մարզերում՝ 275 000 դրամ՝ 448 000-ի փոխարեն: Մյուս հզորությունների համար նվազեցված նոր վճարումներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը և կարգավորողը հերքում են նվազեցման նախընտրական բնույթը։
ՀԷՑ-ում և հանձնաժողովում համաձայն չեն այն դիտարկմանը, թե փոփոխությունն ունի նախընտրական ենթատեքստ: ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ սակագների նվազումը հնարավոր է դարձել խնայողությունների հաշվին: Նա չի պարզաբանել, թե ինչու նվազումը չէր իրականացվում ավելի վաղ, այլ որոշումը կայացվեց ընտրություններից երկու ամիս առաջ: Պետրոսյանի խոսքով՝ ընկերությունը մարել է 47 մլն դոլարի վարկ և բարելավել ֆինանսական վիճակը:
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նույնպես պնդել է, որ նախագիծը քաղաքական կոմպոնենտ չունի, իսկ նվազումը պայմանավորված է սպառման ծավալների ավելացմամբ:
Նիստից հետո Պետրոսյանն անդրադարձել է նաև աշխատանքից ազատված աշխատակիցների դատական գործերին, որոնցով ընկերությունն ստիպված է լինելու հարյուրավոր միլիոն դրամների փոխհատուցում վճարել:
Նրա պնդմամբ՝ ընկերությունից հեռացվել են բացառապես այն անձինք, ում նա մեղադրում է ֆինանսական մեքենայությունների կամ մասնագիտական անբավարար պատրաստվածության մեջ։ Ժամանակավոր կառավարիչը հավելել է, որ այդ աշխատակիցները, իր կարծիքով, «չեն վայելել ղեկավարության վստահությունը»։
Ընդ որում՝ Պետրոսյանը չի հստակեցրել՝ արդյոք նշված մեղադրանքները հաստատվա՞ծ են պաշտոնապես՝ քրեական գործերով, մինչդեռ դատարանները շարունակում են վճիռներ կայացնել հօգուտ ազատված աշխատակիցների՝ պարտավորեցնելով փոխհատուցում վճարել նրանց։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչն անդրադարձել է նաև «Տաշիր Կապիտալ» ընկերության կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված դատական հայցին։
Պետրոսյանը պարզաբանել է ՀԷՑ-ը պետական վերահսկողությանը հանձնելու հնարավոր փուլերը
Վարչական դատարանի որոշմամբ՝ մինչև մայիսի 25-ը կասեցվել են ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100%-ը պետական սեփականությանը հանձնելու հնարավոր գործարքի և բանակցությունների համար սահմանված եռամսյա ժամկետի շրջանակներում իրականացվող գործողությունները։ Այս ժամանակահատվածում գործադիր իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ ընկերության ակտիվների օտարման հետ կապված որևէ քայլից։
Պետրոսյանը պարզաբանել է, որ մինչև նշված ամսաթիվը պահպանվում է պետության և սեփականատերերի միջև համաձայնության գալու հնարավորությունը։ Այն դեպքում, եթե գործարքը չկայանա և չգրանցվի, գործընթացը կանցնի հաջորդ փուլին, որը նախատեսում է կառավարության որոշմամբ հանրային գերակա շահի ճանաչում։
Ըստ Պետրոսյանի՝ դրանից հետո լիցենզավորված անկախ ռեզիդենտ կազմակերպության կողմից կիրականացվի ընկերության շուկայական արժեքի գնահատում։ Ստացված գնահատականի հիման վրա և նախատեսված փոխհատուցման հաշվառմամբ՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերը կարող են փոխանցվել պետական սեփականությանը։
Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեցվեն այն ժամանակ, երբ ՀԾԿՀ-ն նոր լիցենզիա տա ՀԷՑ-ին՝ պետականացումից հետո։
«Պետականացումից հետո կառավարության համապատասխան մարմինը, որպես լիազոր մարմին, պետք է դիմի ՀԾԿՀ՝ նոր լիցենզիա ստանալու։ Այն պահին, երբ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին բաշխման նոր լիցենզիա կտրամադրի, այդ վարչական ակտով ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեցվեն»,- հավելել է Պետրոսյանը։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։





































