Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին ժամանել են Իրան՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը կարգավորելու միջնորդական ջանքերը շարունակելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պակիստանի իշխանություններին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանի օդանավակայանում դիմավորել է պակիստանյան պատվիրակությանը։ Իրանի պետական հեռարձակողի տվյալներով՝ Մունիրը ժամանել է Մերձավոր Արևելքի երկիր՝ Վաշինգտոնից ուղերձ փոխանցելու և իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլին նախապատրաստվելու համար։
Այսօր ավելի վաղ պակիստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հաջորդ շաբաթվա վերջին Իսլամաբադում կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը։
Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Վաշինգտոնը բանակցություններում հասել է «զգալի առաջընթացի», և այժմ «գնդակն Իրանի դաշտում է»։





































