Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը։ Այն պաշտոնապես սահմանվել է 1995 թվականին, սակայն արմատները հասնում են քրիստոնեական ավանդույթներին. այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։
Գարնանային այս օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու մայրերի անփոխարինելի դերն ու կնոջ առանցքային նշանակությունն ընտանիքում և հասարակական կյանքում։
Տոնական տրամադրությանը զուգահեռ՝ Armenia Today-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի փողոցներով՝ պարզելու, թե մեր համաքաղաքացիների պատկերացմամբ ի՞նչ է անհրաժեշտ կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար, և ի՞նչ են մաղթում անցորդները հայ կանանց ու մայրերին։
Հարցված տղամարդկանցից մեկը նշել է, որ հայ կանայք տղամարդկանց հիմնական ուժն են, և առանց նրանց ներկայության կյանքը խիստ դժվար կլիներ։
«Մեր հայ կանանց շնորհավորում եմ, մաղթում ամենալավը։ Կինը տղամարդու միակ ուժն է. եթե չլինի, շատ դժվար է։ Կանայք ուժեղ են և պետք է միշտ գեղեցիկ ու հաղթող լինեն»,- ասել է նա։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ կնոջ երջանկությունը հիմնված է ազատության վրա։
«Մեր հասարակությունը հաճախ պարփակված է. եթե կինն զգա ուշադրություն և հարգանք, նա երջանիկ կլինի»,- հավելել է նա։
Քաղաքացիներից ոմանք ընդգծել են նաև ընտանիքի կարևորությունը կնոջ կյանքում։
«Երջանիկ ընտանիք, առողջություն, լավ երեխաներ, նորմալ ապրելակերպ, լավ երկիր և լավ ղեկավարություն. այս բոլորը կարևոր են կնոջ համար։ Մաղթում եմ առողջություն, համբերություն և, վերջապես, երջանկություն»,- ասել են նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։























