Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում կարծում են՝ իրենց բնակավայրը Հայաստանի քարտեզից դուրս է հայտնվել։ Բնակիչներից մեկն Armenia Today-ի հետ զրույցում ասում է՝ գյուղի ճանապարհներն անտանելի վիճակում են։
«Այնպիսի փոսեր են, որ երեխա ընկնի՝ կկորի անձրևի ժամանակ։ Ամեն տարի գալիս են մարզպետարանից, համայնքապետարանից, բայց էլի նույնն է։ Դե, իրենք որ հույսով են անում ժողովրդին, էլ վերևներ չենք դիմում, սպասում ենք։ Էջմիածին-Տարոնիկ երթուղային է աշխատում։ Ամիսը մեկ գնում են նորոգման»,- պատմում է նա։
Խորհրդային տարիներից ի վեր՝ գյուղի փողոցներն ու մայրուղուն կապող ճանապարհը նորոգում չեն տեսել։ Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը գյուղի կենտրոնական հատվածում է գտնվում: Տարոնիկցիներից մեկն ասում է՝ հոգնել են խոստումներից, չեն հետաքրքրում ժամկետները, գյուղին շտապ ասֆալտապատում է հարկավոր։
«Արաքս համայնք որ մտնեք՝ քաղաք է համարյա։ Գնացեք Արմավիրի գյուղերը, քեֆս գալիս է։ Մտնում ես Տարոնիկ՝ Չեչնիա»,- նկարագրում է նա։
Շուրջ 5600 բնակիչ ունեցող համայնքում փորձում են հանկարծ առողջական խնդիրներ չունենալ. հնարավոր է՝ գյուղ կանչված «Շտապօգնության» մեքենան չկարողանա հաղթահարել խորը, մարդաբոյ փոսերը ու այդպես էլ իրենց չհասնի։ Տարոնիկի մեկ այլ բնակիչ, որը «Շտապօգնության» ծառայության վարորդ է, պատմում է, որ ամեն օր են կանչեր ունենում գյուղ։ Միշտ ուշանում են այս ճանապարհի պատճառով, ու դժվար է հիվանդի հարազատներին բացատրել, որ մեղավորը խորդուբորդ փողոցներն են։
«Ենթադրենք, դուք հիվանդատերն եք, ի՞նչ կասեք վարորդին, բժշկին, «ամոթ ձեզ, խի՞ ուշացաք», չէ՞»,- հարցնում է նա։
Պատմում են՝ հատկապես անձրևների ժամանակ ճանապարհը դառնում է անանցանելի: Նրանց խոսքով՝ իրենց տարիներ շարունակ խոստացել են բարեկարգել փողոցները, սակայն արդյունքը դեռ տեսանելի չէ։ Իսկ հարթեցման աշխատանքները միայն փոշու ամպ են ստեղծում համայնքում։ Չեն հասկանում՝ ի՞նչ նյութ է լցվում խճի ու ավազի հետ։
«Էդ շիբինն ասֆալտի վրա ի՞նչ կաշխատի։ Ամառը շոգ է ու փոշի, փոշուց օդորակիչն արդեն չի աշխատում, փոշին փակում է լրիվ»,- նշում է համայնքաբնակներից մեկը։
Գյուղի բնակիչները մարտին բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ ցանկանալով իշխանությունների ուշադրությունը սևեռել իրենց խնդիրների վրա: Միայն այդ ակցիաներից հետո իշխանությունները խոստացել են վերանորոգել վթարային ճանապարհը։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից խոստանում են հիմնանորոգումը կատարել 2026 թվականին։
«Գյուղացիները որոշել են գնալ ամենավերջին քայլին։ Ես դեմ եմ ճանապարհ փակելուն։ Բայց եթե չվերանորոգեն, ընտրություններին չենք մասնակցի, խոստանում ենք»,- ասում է բնակիչը։
Ի պատասխան բնակիչների պնդումներին, թե բնակավայրում տարիներ շարունակ ներդրումներ չեն կատարվել, ՏԿԵ նախարարությունից ներկայացրել են վիճակագրություն, ըստ որի՝ 2022 թվականից ի վեր Տարոնիկում իրականացվել է 375 մլն դրամի աշխատանք, այդ թվում՝ ջրամատակարարման ցանցի կառուցում և գազաֆիկացում:
Մինչ գերատեսչությունից պնդում են, որ ամենամյա հարթեցման աշխատանքներն այս տարի դեռևս չեն մեկնարկել մրցութային գործընթացի պատճառով, բնակիչներն ստիպված են հոգալ իրենց վնասված մեքենաների վերանորոգման ծախսերը, շնչել փոշին ու սպասել ճանապարհի վերանորոգմանը:
Բնակիչներից մեկը հակադարձում է. «Պետք է դիմում գրենք, որ մեզ միացնեն Հայաստանին, Հայաստանից կտրված գյուղ ենք»։
Նրա խոսքով՝ պատկերը սա է՝ ջուրը գնում է, հենասյուներն ընկնում են մեքենաների վրա, լարերը կտրվում, ընկնում են երեխաների վրա, որոնք խաղալիս փոշի են կուլ տալիս ու շնչում առուների նեխած ջուրը։
Քանի դեռ թղթերի վրա միլիոններ ու հաշվետվություններ են, իրականում՝ փոշի, փոսեր ու ամենօրյա դժվարություններ։ Տարոնիկում հույս ունեն, որ իրենց ճանապարհը վերջապես ճանապարհ կդառնա։
«Ամոթ է ասել՝ մեռել ենք տանում, գլուխն էնքան ա իրար տալիս, որ հետևից մի 5-6 մարդ տանում ա»,- կես կատակ-կես լուրջ՝ ասում են գյուղամեջում մեզ հանդիպած տարոնիկցիները։
Մինչ ժամկետները հստակեցվում են, իսկ մրցույթները դեռ չեն հայտարարվել, բնակիչները շարունակում են ապրել պայմաններում, որտեղ տուն տանող ճանապարհը փորձություններով լի է։

























