«Սրբազան պայքար» շարժման գործով դատարանն այսօրվա նիստին մերժեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին որպես վկա ներգրավելու միջնորդությունը:
Շարժման ու Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ միջնորդությամբ չեն պահանջում պաշտոնայաների ներկայությունը բոլոր նիստերին, սակայն ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ պաշտոնատար անձինք նման կարևորության գործերով հրապարակային հայտարարություններ պետք է անեն՝ անձանց անտեղի մեղադրելով:
Դատախազ Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց, որ միջնորդությունը կարող է քննարկվել ապացույցների հետազոտումից հետո։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի խոսքով՝ ապացույցների ծավալի հետազոտումից հետո կարող են լրացում կատարել և քննարկել այդ հարցերը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 2-ին:
Գալստանյանը 2024 թվականին բողոքի ակցիաներ էր նախաձեռնել սահմանային տարածքների հնարավոր զիջման դեմ: Հետագայում շարժումը վերանվանվել էր «Սրբազան պայքար»: Բագրատ սրբազանը և նրա 14 կողմնակիցները 2025 թվականի հունիսի 25-ին կալանավորվել էին, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ զինված ճանապարհով իշխանությունը զավթելու փորձի համար։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում:




































