Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ անձամբ է պահանջել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մարտի 12-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Մինչ այս ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գզոյանի՝ աշխատանքից ազատման պատճառ կարող էր հանդիսանալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ի այցը Ծիծեռնակաբերդ: Գզոյանը Վենսին նվիրել էր Հայոց ցեղասպանության և Արցախի խնդրի մասին գրքեր, ինչն էլ, ըստ մամուլի հրապարակումների, հիմք էր հանդիսացել տնօրենի հետագա պաշտոնանկության համար:
Վարչապետը հաստատել է՝ պատճառն ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելն է։
«Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ և սադրիչ գործողություն»,- հայտարարել է Փաշինյանը:
Գզոյանը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում ընտրվել էր 2024 թվականի փետրվարի 6-ին։ Փետրվարի 19-ին նա հրաժարականի դիմում էր գրել, փետրվարի 20-ից պաշտոնակատար է նշանակվել Հարություն Մարությանը:




































