Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ Ժ.Շ.-ն Երևանի երկու հասցեում իրականացրել է բազմաբնակարան շենքերի կառուցապատում, սակայն բնակարանների և ավտոկայանատեղիների օտարումից առաջացող եկամտային հարկը չվճարելու նպատակով նշված հասցեներում առկա անշարժ գույքը ձևակերպել է ինչպես իր հետ բարեկամական կապի մեջ գտնվող, այնպես էլ իրական բնակարաններ ձեռք բերող անձանց անվամբ՝ որպես բաժնային սեփականություն։
Այնուհետև, Ժ.Շ.-ն 2018-2025 թվականների ընթացքում հիշյալ հասցեներում կառուցված շենքերի բնակարանները և ավտոկայանատեղիները վաճառել է տարբեր անձանց և որպես անշարժ գույքի գնման երաշխիք՝ գնորդներին է փոխանցել նշված գույքի սկզբնական բաժնեմասային սեփականատերերի բաժնեմասերը:
Արդյունքում՝ վերջինս խուսափել է 419 մլն 57 հազար 820 դրամի եկամտային հարկ վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Ժ.Շ.-ն իր ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու դիտավորությամբ՝ թաքցրել է բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու և շահույթ ստանալու հանգամանքը, այդ կերպ կանխամտածված կերպով անվճարունակության հատկանիշներ է ստեղծել և 2021 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշման հիման վրա սնանկ է ճանաչվել՝ զրկելով պարտատերերին իրենց ունեցած գույքային պահանջները բավարարելու իրական հնարավորությունից:
Նշվում է, որ Ժ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով) և 288-րդ հոդվածի 1-ին մասով (կանխամտածված սնանկություն, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:






































