Քննչական կոմիտեն հայտնել է ութ անձի ձերբակալման մասին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում խոշոր գողության կասկածանքով: Նրանցից յոթի նկատմամբ կալանք է ընտրվել, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
Քննության տվյալներով՝ կասկածյալները մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան և հափշտակել խոշոր գումար, թանկարժեք զարդեր և այլ իրեր:
Ըստ ՔԿ-ի՝ հանցագործության կազմակերպմանը նպաստել է տուժողի ծանոթը, որը նախապես տեղյակ է եղել բնակարանում մեծ քանակությամբ արժեքավոր իրերի առկայության և տանտերերի բացակայության մասին: Նա հանցակիցներին տեղեկություններ է փոխանցել գողության համար նպաստավոր պայմանների, բնակարանի գտնվելու վայրի և փախուստի հնարավոր ուղիների մասին:
Կասկածյալների մոտ իրավապահները հայտնաբերել են ենթադրյալ գողոնի մի մասը, ինչպես նաև առգրավել են հանցագործության գործիքներ՝ դռներ բացելու սարքեր, կապի միջոցներ և այլ իրեր: Ութ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից յոթը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել:




































