Պետական ապարատի ղեկավարներն ու նրանց տեղակալները հունվարից կրկին ցուցակներ են գրում 2025 թվականի երկրորդ կիսամյակի պարգևավճարների բաշխման համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կառավարության համապատասխան որոշմամբ՝ պարգևատրման ֆոնդի բաշխումն իրականացվում է անհատական իրավական ակտով․ ֆոնդի մինչև 20%-ը կարող է բաշխվել ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի միջև։ Բացի այդ, միլիոնավոր դրամների շրջապտույտն ապահովելու համար տարբեր մակարդակների դասընթացներ ու կրթական ծրագրեր են նախաձեռնում, որ պետական ծառայողները հաճախեն:
Ծրագրի հիմնավորումների բաժնում բացատրել են, թե ինչո՞ւ են ապարատի ղեկավար կազմին` աշխատողների 20%-ին, տալիս պարգևավճարների 80%-ը, իսկ աշխատանքի 80%-ը կատարող ապարատին ընդամենը ֆոնդի 20%-ը։ Ըստ թերթի՝ այդպես են արել՝ շարքային աշխատողներին ղեկավար պաշտոնների համար մոտիվացնելու նպատակով։
Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի տարեվերջին փոխանցվել էր 3 մլն դրամ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալները ևս ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Հունվարին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրության ավելացումը կազմել է մոտ 1,5 մլն դրամ։
Հունվարի 23-ին հայտնել էինք, որ իշխանությունները ծրագրում են 2025-ի երկրորդ կիսամյակի համար ևս պարգևատրումներ բաշխել պաշտոնյաներին՝ չնայած առաջին կիսամյակում տրված միլիոնավոր դրամների շուրջ առկա հանրային դժգոհությանը։


































