Բաքուն հրապարակել է հայ գերիների դեմ շինծու մեղադրանքներով դատավճիռները՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով անցնող հայերի վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի «դատարանը» Մադաթ Բաբայանին և Մելքիսեթ Փաշայանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 19, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին և Էրիկ Ղազարյանին՝ 15 տարվա ազատազրկման:
Նրանք Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների հետ Բաքվում պահվող 19 հայ գերիների թվում են։ Արցախի առաջնորդների շինծու դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
Գործով անցնող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին Բաքուն փետրվարի 5-ին՝ ավելի վաղ, դատապարտել էր ցմահ ազատազրկման։
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել:






































