Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը, News.am-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
«Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային»,- նշել է նա։
Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին։ Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռը հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-12-ը հրավիրած Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։ Մայր Աթոռից հավելել էին, որ հետաձգման որոշումը կապված է եպիսկոպոսների խնդրանքի և եկեղեցուն առնչվող գործընթացների հետ։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։





































