ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են «Թրամփի ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության, կայուն զարգացման խթանման տեսանկյունից, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
Նրանք ընդգծել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քվինին երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործընկերության օրակարգի հարստացման գործում ունեցած ավանդի համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։ Քվինն ավարտում է դիվանագիտական գործունեությունը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։




































