«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մեկնաբանել է Երևանում թուրքական համարանիշներով շտապօգնության մեքենայի առկայությունը։
Նրա խոսքով՝ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից են տեղափոխել Հայաստան։
«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է»,- գրել է նախկին պատգամավորը։
Ավելի ուշ Զեյնալյանը գրել է, որ հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում և հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։
«Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված՝ ինքնաթիռով տեղափոխումն անցանկալի հետևանքներ կունենար, և միակ տարբերակը ռեանոմոբոլով տեղափոխելն էր»,- հավելել է նա։
Ավելի վաղ օգտատերերը սոցիալական ցանցերում տեղադրել էին Նոր Նորքում երթևեկող թուրքական շտապօգնության մեքենայի կադրեր։





































