Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ստորագրած 10 եպիսկոպոսից բացի այլ հոգևորականներ չեն միացել վեհափառի հրաժարականի պահանջին՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վստահեցրել էին, որ ևս 2-3 եպիսկոպոս կմիանա իրենց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգևորականների ցանկում կար 13 եպիսկոպոս, սակայն նրանցից 4-ի ստորագրությունը բացակայում էր։
Նույն օրը 10 եպիսկոպոս հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեկ այլ եպիսկոպոս, գործարար և Վայոց ձորի թեմի առաջնորդ, չէր ստորագրել հայտարարությունը, բայց ներկա էր հանդիպմանը: Հայտարարությունը չստորագրած 3 եպիսկոպոսն են Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ Ավագյանը:
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։






































