Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել 8 անձի, այդ թվում՝ իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի մասին, որն ուղարկել է դատարան:
Նշվում է, որ հիմնավորվել է՝ Մեղրիի բնակիչը ՊՆ N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր ավելի քան 2,6 միլիոն գլանակ ծխախոտ:
Բնակիչն, ըստ Հակակոռուպցիոնի, դիմել է ՊՆ՝ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել:
Բացի այդ, մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և Իրանից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
Արդյունքում՝ զորամասի մարտական հենակետի ծառայողներն ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Ագարակ բնակավայր, որտեղ էլ մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, նշել է կոմիտեն:
Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և ՊՆ հինգ ծառայողի:
Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։ Ութ մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:






































