ԱՄՆ-ն հավանություն է տվել Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամին (GHF) 30 մլն դոլար հատկացնելուն և կոչ արել այլ երկրներին նույն կերպ վարվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Պիգոտը։
Նրա խոսքով՝ հիմնադրամն իր գոյության ընթացքում արդեն ավելի քան 46 մլն բաժին պարենամթերք է բաժանել պաղեստինյան անկլավի բնակիչներին:
Մայիսի վերջից Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել էր Գազայի հատվածի բնակչությանն օգնություն հասցնելու նոր սխեմա ներդնել, որը ենթադրում է GHF-ին փաստացի մենաշնորհային իրավունքներով օժտել բաշխիչ կենտրոնների ստեղծման և առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման հարցում: Ոլորտի օժանդակությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործողները, այսուհետ կկարողանան դա անել միայն տվյալ հիմնադրամի միջոցով:
Ծրագիրը քննադատության է արժանացել այդ կազմակերպությունների կողմից, քննադատության առանցքային կետը Գազայի հարավում ռազմական գործողություններից զերծ «անվտանգության գոտիներում» բաշխիչ կենտրոններ տեղակայելու մտադրությունն է, ինչը կարող է հանգեցնել անկլավի բնակիչների բռնի վերաբնակեցմանը: ՄԱԿ-ում նաև ահազանգել են Իսրայելի կողմից մարդասիրական օգնությունը քաղաքականացնելը և այն պաղեստինցիների վրա որպես ճնշման գործիք դարձնելը:
Իսրայել-Գազա հակամարտության վերջին սրացումը տեղի էր ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվել էր Իսրայելի վրա։ Իսրայելը պատասխանել էր լայնածավալ ռազմական գործողություններով Գազայի հատվածում։ Մայիսի 5-ի դրությամբ՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 54 հազարի։