Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր) հաստատել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիի մահը Իսրայելի հարվածների հետևանքով ստացած վնասվածքներից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուժային գերատեսչությանը։
Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականը վախճանվել է նախորդ շաբաթ՝ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ստացած վնասվածքներից։
Հունիսի 17-ին իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Շադմանինի սպանվել է Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։