Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու անհապաղ 30-օրյա հրադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի առաջարկը, Ջիդայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Ռուսաստանի կողմից առաջարկն ընդունելու և միաժամանակ իրականացնելու դեպքում հրադադարը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ»,- Երմակի խոսքերն է մեջբերում ՌԲԿ-ն։
Նրա խոսքով՝ երկու պատվիրակությունները պայմանավորվել են որոշել իրենց բանակցող թիմերի կազմը, և անհապաղ սկսել քննարկումները կայուն խաղաղության հասնելու համար, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը: Միացյալ Նահանգները «պարտավորություն է վերցրել քննարկել կոնկրետ առաջարկներ» Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
Երմակը նշել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Ուկրաինային ռազմական օգնությունը և հետախուզական տվյալների փոխանցումը։ Բացի դա, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են օգտակար հանածոների ռեսուրսների զարգացման վերաբերյալ «հնարավորինս շուտ» համաձայնագիր կնքել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններից հետո հույս է հայտնել, որ Ռուսաստանը կընդունի Ուկրաինայում հրադադարի առաջարկը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանից հրադադարի առաջարկի վերաբերյալ «որքան հնարավոր է շուտ» դրական պատասխան է ակնկալում։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: