Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով «միջամտություն երկրի ներքին գործերին»։ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա օգնության։
Ամերիկացի առաջնորդի խոսքերին ի պատասխան՝ Բաղային ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը կարող է ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները երկխոսության և համագործակցության միջոցով՝ առանց արտաքին «օգնության» անհրաժեշտության։
«Իրանցիները թույլ չեն տա որևէ արտաքին միջամտություն իրենց խնդիրների լուծման գործում»,- հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Բաղային կոչ է արել քննադատաբար նայել Վաշինգտոնի երկարատև գործունեությանը՝ հաճախ արդարացնելով իր գործողությունները՝ հղում անելով «իրանցի ժողովրդին փրկելուն»։
Դիվանագետի խոսքով՝ Իրանի վրա հարձակվելու ներկայիս սպառնալիքները, որոնք քողարկվում են «իրանցիների նկատմամբ համակրանքով», միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են։ Թեհրանը նման հռետորաբանությունը համարում է թշնամական քաղաքականության շարունակություն, որն ուղղված է տարածաշրջանն անկայունացնելուն, այլ ոչ թե բնակչության իրական աջակցությունը շահելուն։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում սկսվել էին բողոքի ցույցեր տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա։ Սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր Թեհրանում և այլ քաղաքներում անցկացվող ցույցերից։ Այս ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական էր տվել։ Նրա փոխարեն նախագահական հրամանագրով դեկտեմբերի 31-ին նշանակվել էր Աբդոլնասեր Հեմմաթին։
Իրանը ներկայումս ապրում է բարձր գնաճի փուլ․ Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38,9%-ի։ Ռիալն արագ արժեզրկվում է: Ներկայումս ազատ շուկայում մեկ դոլարի արժեքը հասնում է 1,4 միլիոն ռիալի։




































