Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է հունիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը՝ կապված Գարեգին Երկրորդի հետ։ Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ և անհետաձգելիորեն պարզաբանի՝ արդյոք Գարեգին Բ-ն խախտե՞լ է կուսակրոնության ուխտը և զավակ ունի՞»։
Արքեպիսկոպոս Խաչատրյանը վերոնշյալը «սխալ հարց» է որակել։
«Ձեզ թվում է, որ գոյություն ունեն միայն սխալ պատասխաններ, բայց ավելի շատ կան սխալ հարցեր, որոնք չեն կարող պատասխաններ ունենալ: Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս՝ պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»,- ընդգծել է նա։
Արքեպիսկոպոսը «զրպարտություն և անընդունելի» է համարել նաև Փաշինյանի՝ մայիսի 30-ի գրառումները, մասնավորապես, ենթադրյալ հոգևորականին առնչվող անձնական կյանքի մանրամասները։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։