Հռոմի պապը Սուրբ Հարության տոնի իր պատգամում խոսել է Հարավային Կովկասի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղեմի լարվածությունը հրատապ հաշտեցում է պահանջում, տեղեկանում ենք Սուրբ Աթոռի պաշտոնական կայքից։
«Այս տոնական օրը եկեք հիշենք Հարավային Կովկասը և աղոթենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման և իրականացման համար»,- ասել է նա՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը բաղձալի հաշտեցման է տանում։
«Ես կցանկանայի, որ մենք նորից սկսենք հուսալ, որ խաղաղությունը հնարավոր է: Թող Տիրոջ գերեզմանից՝ Քրիստոսի Հարության տաճարից, լուսավորվի ամբողջ աշխարհը: Ինձ անհանսգտացնում են Պաղեստինում և Իսրայելում քրիստոնյաների, ինչպես նաև ամբողջ իսրայելցի և ամբողջ պաղեստինցի ժողովրդի տառապանքները։ Մտահոգված եմ հակասեմականության աճող մթնոլորտով, որը տարածվում է ամբողջ աշխարհում։ Միևնույն ժամանակ, իմ մտքերն ուղղված են Գազայի բնակիչներին և մասնավորապես նրա քրիստոնեական համայնքին, որտեղ սարսափելի հակամարտությունը շարունակում է ծնել մահ և ավերածություններ»,- ասել է նա։
Հռոմի Պապը նաև կոչ է արել աղոթել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար:
«Աղոթենք Լիբանանի և Սիրիայի քրիստոնյա համայնքների համար, որոնք, իրենց պատմության մեջ բարդ շրջան ապրելով, ձգտում են կայունության, ինչպես մասնակցության՝ իրենց ժողովուրդների ճակատագրին»,- ասել է քահանայապետը:
Ապրիլի 20-ին քրիստոնյա աշխարհը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում Սուրբ Հարության հայրապետական պատարագ է մատուցվել։
Երևանը Բաքվին առաջարկում է պայմանագրի ստորագրման արարողության տեղը և ժամկետը որոշել, սակայն Բաքուն գտնում է, որ Երևանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի դա հնարավոր դառնա, վերջերս կրկին հայտնել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ օրինակներից մեկը ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու և Անկախության հռչակագիրը հանելու մասին Ադրբեջանի պահանջն է։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ երկու հարևան պետությունները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: