Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն մեկնաբանել Հայաստան վերադարձած բանտարկյալների շարքում լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի բացակայության պատճառները։
«Չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նույնպես չի մեկնաբանել վերադարձած բանտարկյալների մեջ Էուլջեքջյանի բացակայության պատճառները։ «Այս պահին հիվանդանոցում կա 32 բանտարկյալ։ Հիմա մենք զբաղվում ենք նրանց խնդիրներով։ Դրանք լուծելուց հետո կզբաղվենք մյուս բանտարկյալների հարցերով»,- ասել է նա։
Դեկտեմբերի 7-ին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված վերադարձվող գերիների ցուցակում առկա էր նաև Վիգեն Էուլջեքջյանի անունը։ Նրա անունը, սակայն, բացակայում էր դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետի հրապարակած վերջնական ցուցակից։
Վիգեն Էուլջեքջյանի գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021 թվականի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։